Էջ:Վերք Հայաստանի 11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էսպես մեկ խիստ ձմեռվան օրի լիսն ու մութը որ բաժանվեցավ, ու աղոթարանը բաց էլավ, քանաքռցիք[1] քնից վեր կացան, տան երդիկները բաց արին, երեսները լվացին, մեկ-երկու խաչ հանեցին, բարի լիս ասացին իրար, երեխեքը ծածկեցին, ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը: Մեծ մարդիկը միրքըները սանդրելով, պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին՝ կամաց-կամաց տանիցը դուս էլան ու տերողորմյա քաշելով, Հայր մեր ասելով, Հրաժարիմքը կամ Հավատով խոստովանիմը քթըների տակին փնթփնթացնելով, իրար ողջույն տալով, շատը իր տակը քցելու շորը կամ մորթին ձեռին բռնած, քիթ-քթի տված՝ գնացին ժամ, դուռը պաչեցին, էն վախտին վրա հասան, որ տերտերը դեռ չէ՛ր էկել, ժամկոչին ասեցին, որ զանգակը քաշի, ու իրանք մեկ-քանի ծունր դնելուցը հետո՝ մարդիկը սեղանի առաջին կամ տների տակին, կնանիքը ետի դասումը իրանց համար իրար մոտ շորը փռեցին, չոքեցին, գլուխ-գլխի դրին ու սկսեցին զրից անիլ, իրանց գեղի ու տների բանը պատմիլ, իրար հալ հարցնիլ, մինչև տերտերն էկավ, ճրագները, կանթեղները վառեցին, որտեղ ձեթ չկար, մղդսին ածեց, տերտերի փիլոնը քցեց, ու ընչանք մյուս ընկերն ու տիրացուքը կգային, նա էլ մեկ-քանի ծունր դրեց, չոքեց, սաղմոս ասաց, աղոթք արեց, էկողներին լավ վարավուրդ արեց, որի քեֆը հարցրեց, որի հետ էլ էնքան զրից արեց կամ աչքերը ճմբռեց, մինչև խալխը մի քիչ շատացավ, ընկերն էկավ, Հրաժարիմքն ասեցին գդակը գլխներին, երեսները դեպի Արևմուտը դարձրին, ու հետո էլ ետ շուռ էկան, Հավատամքն ու Մեղեն սկսեցին, զանգակն մեկ անգամ էլ քաշեցին, որտեղ զանգակ չկար, ժամհարը գնաց, կտրների, աղբսների վրա ձեն տվեց, ու ժամն սկսեց կանգնիլ: Տերտեր, տիրացու ժամն էին ասում, ժողովուրդը ծունր դնում, խաչ հանում կամ չոքում, նստում, ու աշխատասեր, ժիր մղդսին յա ճրագի ծերը կտրում, յա կանթեղներին լիս տալիս, յա թե չէ՝ միրուքը քորելով, կոնդալ գլուխը տրորելով, արշտոտալով դուրս ու տուն էր անում, բուրվառ շինում, կամ էրեխեքանց գլխին խփում, որ հանդարտ կենան, ղալմաղալ չանեն, դես ու դեն չվազին: Բազի անգամ էլ բռնոթու ղութին ջիբիցը կամ ծոցիցը հանում, թափ տալիս, ինքը քաշում, փռշտում, երեսին խաչ հանում յա սատանին անիծում ու քեդխուդեքանցը թավազա անում, պատիվ տալիս ու էլ ետ ծանր-ծանր գալիս, իր տեղը կանգնում կամ տերտերի հրամանը կատարում:

Ջահել, տան տղերքն էլ ամառվան պես խոտ հնձելու, կալ կալսելու,

  1. Երևանուցը հինգ վերստ հեռու մեկ գեղ՝ հյուսիսային կողմն ընկած. տեղը բարձր, ջուրը քաղցր, օդը գեղեցիկ, չորս կողմը բաղերով լիքը: Մեջը երկու հրաշալի եկեղեցի, հազար քյալավա, ու այժմ հիսուն տուն կա: Ամառվան տեղը Երևանու խաների: